«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Սողոմոնն ու Շլոմոն՝ կամ ո՞վ է պետության չգոյության իրական սիմվոլը

Սողոմոնն ու Շլոմոն՝ կամ ո՞վ է պետության չգոյության իրական սիմվոլը
20.11.2024 | 09:06

Սողոմոն Թեհլիրյանը և Շլոմո Շմայսները սեփական ազգի դեմ իրականացած ոճրագործությունների՝ Հայոց ցեղասպանության և Հրեաների ողջակիզման դահճապետերին յեղափոխական մահապատժի ենթարկած արդարադատ հերոսներն են, աներկբայորեն։

Թեև ապազգային տգիտության տխուր հեգնանքով, իմաստական տարբեր ճակատագրերի են արժանացել․․․

Շլոմո Շմայսները իր ծնողների, քրոջ, եղբոր, զարմիկի և եղբորորդու հետ միասին ձերբակալվել է 1942 թ․ և տեղափոխվել Լեհաստանի Լյուբլինի շրջանում գտնվող «Սոբիբոր» համակենտրոնացման սարսափազդու ճամբար, որի հրամանատարը եղել է գեստապոյի բարձրաստիճան սպա՝ Ֆրանց Պոլ Ստենգելն, իսկ նրա տեղակալը՝ Վաֆեն ԷսԷս-ի սերժանտ Գուստավ Ֆրանց Վագները։

Շլոմո Շմայսները «Սոբիբոր»-ի ապստամբ չորս հոգանոց խմբի անդամներից մեկն էր, որ ոչնչացրեց ճամբարի հրեա մատնիչ, դավաճան՝ Կապոնին (Սողոմոնն էլ ոչնչացրել է Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության սպա, դավաճան Հարություն Մկրտչյանին, 1920 թ.)։ Շլոմոյին հրաշքով յաջողվել է փախչել «Սոբիբոր»-ից 1943թ․։

Պատերազմի ավարտին ԱՄՆ զինված ուժերի միջոցով ձերբակալվեցին Ստենգելն ու Վագները, սակայն բանտից փախան երկուսն էլ (այնպես, ինչպես Թալեաթը, Բեհաէդինը եւ ուրիշ իթթիհատականներ)։ Ստենգելը կրկին ձերբակալվեց 1967 թ․ և դատարանի վճռով մահապատժի ենթարկվեց 1970 թ․ Գերմանիայում։

Նյուրնբերգի դատավարությամբ Վագներին հեռակա կարգով մահապատիժ էր սահմանվել 1946 թվականին (այնպես, ինչպես Թալեաթը, Էնվերը, Ջեմալն ու Նազըմն էին մահվան դատապարտվել Օսմանյան զինվորական դատարանի միջոցով, 1919 թ․)։ Այնուամենայնիվ Վագները, փոխված անունով, մեկնում է Բրազիլիա և հաստատվում այնտեղ։ Իսկ Շլոմոն, որ սկզբից ցանկանում էր գաղթել նորաստեղծ Իսրայել, «հանկարծ» հայտնվում է Բրազիլիայում։ Վագներին գտնելու Շլոմոյի տքնաջան փնտրտուքները անցնում են ապարդյուն։

Սակայն նացիստների «համատարած որսից» մտահոգված՝ Վագները ներկայանում է Սան Պաուլոյի անվտանգության մարմիններին 1978 թ․ և Բրազիլիայի իշխանությունները հրաժարվում են պաշտոնական մեղադրանքներ ներկայացնել նրա դեմ։ Վագների արտահանձնման համար Բրազիլիային խնդրանքներ են ներկայացնում Արևմտյան Գերմանիան, Ավստրիան և Լեհաստանը, ինչպես նաև Իսրայելը: Սակայն 1979 թ․ Բրազիլիայի Գերագույն դատարանը արգելում է Գուստավ Վագների արտահանձնումը, այն տրամաբանությամբ, որ Վագների արտահանձնումը կխրախուսի ընդդիմադիր ուժերին՝ պահանջներ ներկայացնելու և իշխանությունների հեղինակությունը թուլացնելու համար։

Վագների ազատ արձակման մասին լուրը լսելով՝ Շլոմո Շմայսների մտերմ զինակից, նույնպես «Սոբիբոր»-ից փախած Տոյվի Բլատը հեռախոսով հարցրել է իր վաղեմի ընկերոջը, Շլոմոյին՝ կարո՞ղ է, արդյոք, նա ատրճանակ գտնել Բրազիլիայում:

Շմայսները վստահեցրել է զինակցին․ «Մի անհանգստացիր, Վագների մասին ՀՈԳ ԿՏԱՆԵՆ»։

1980 թ․ հոկտեմբերի 3-ին Գուստավ Վագների դանակահարված դին գտնվեց Սան Պաուլոյի իր տան լոգարանում։ Չնայած նրա մահվան կասկածելի հանգամանքներին, Վագների փաստաբանը հայտարարեց, որ նրա մահը ինքնասպանություն է: Եվ այդքանով էլ փակվում է գործը։

Սակայն կասկածելի հանգամանքները, հստակորեն ապացուցում էին Շլոմոյի դերակատարությունը։ Եվ սա հենց արդարադատության ձայնն էր՝ տիրանիցիդի կանչը, երբ այլևս իրավական ջանքերը հիասթափեցնող արդյունքներ էին սկսել տալ, նույնիսկ պետական հնարավորությունների առկայության պայմաններում։

Շլոմո Շմայսները հետմահու (1989թ․) բազմիցս մեծարվեց իր ազգի և իր պետության կողմից։ Շլոմոյի հուշերը անգամներ հրատարակվեցին ու վերահրատարակվեցին։

Կենդանության ժամանակ, նրա զինակիցների՝ Տոյվի Բլատի և Էսթեր Թերներ-Ռաբի կենդանի վկայությունների հիման վրա, 1987թ․ նկարահանվեց «Փախուստ Սոբիբորից» ֆիլմը, ուր Շլոմո Շմայսների կերպարը մարմնավորում է դերասան Սայմոն Գրեգորը։

Եվ այն, որ ամենաէականն է, դեռ մեկ կողմ թողած Շլոմոյի հասցեին հնչած բոլոր դրվատանքները, Իսրայելի և ոչ մի պետական այր նրան չհամարեց, ու չեմ էլ կարծում երբեւե համարի, «պետության չգոյության սիմվոլ»։

Ահավասիկ Սողոմոնն ու Շլոմոն․․․

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ

Դիտվել է՝ 4154

Մեկնաբանություններ